
Այս կայքը ստեղծվել է Լեւոն Բարսեղյանի հեղինակային հաղորդումների եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի աուդիովիզուալ արտադրանքի հանրայնացման համար: Հաղորդումները մենախոսություններ են, երկխոսություններ, հարցազրույցներ, վերլուծական շարքեր եւ այլն:
Լեւոն Բարսեղյանը 2000թվականից Հայաստանում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն է, ԶԼՄ, Տեղեկատվության ազատության եւ տեղական ինքնակառավարման փորձագետ:
Լրագրողական փորձառությունն սկսել է 1990 թվականից՝ թղթակցելով «Հայկ», «Մունետիկ», «Կումայրի» թերթերին, 1992-2002 թվականներին աշխատել է Գյումրու «Ցայգ» ՀԸ-ում, «Շանթ» ՀՌԸ-ում, «ՏՄ» ՌԿ-ում, «Շանթ» թերթում՝ լրագրող, խմբագիր, տնօրեն, օպերատոր, հաղորդավար: Մի քանի վավերագրական ֆիլմերի, հազարից ավելի վերլուծական հոդվածների, հարյուրավոր հարցազրույցների հեղինակ է: 2000-ին համախոհների հետ հիմնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն լրագրողների եւ ԶԼՄ իրավունքների, խոսքի, արտահայտման, մամուլի եւ տեղեկատվության ազատության պաշտպանության համար: 2018-ից Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 2012-2021 թթ. եղել է Գյումրու Ավագանու անդամ: Մի շարք հանրային նախաձեռնությունների եւ շահերի պաշտպանության արշավների նախաձեռոնղ ու մասնակից է:
Ծառայել է Խորհրդային բանակում 1985-1987թթ., բանակային մասնագիտությունը կամրջաշինարար, սերժանտ: Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Բայկալ-ամուրյան մագիստրալի շինարարության համար» մեդալով, եւ լրագրողական գործի մի քանի պարգեւներով: Գյումրու մասին պատմող «Մահվան հովիտ» միստիկ վավերագրական ֆիլմի հեղինակն է, որը 1998թ. Մոսկվայում ԱՊՀ առաջին հեռուստաֆորումում արժանացել է հատուկ մրցանակի: Գրող եւ հրապարակախոս է, պատմությունների «Զամբո» ժողովածուն է լույս ընծայել 2016 թ.: Գյումրու առաջին ուղեցույց քարտեզի հեղինակն է (2004 թ., 2013 թ.): Հայաստանում նախաձեռնել է համանքների ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը համացանց (Գյումրի, 2012 թ. հուլիսի 3):
2022 թ. գործարկել է վերլուծական հաղորդումների արտադրող LevON ալիքը:
Մոտեցումը հանրային կյանքին հետեւյալն է.
- Բոլոր իշխանությունները քաղաքացիներին ենթակա են եւ նրանց ծառայելու համար են, դրանք այլ առաքելություն չպետք է ունենան: Այլ առաքելության ստանձնումը, ինչով էլ դրանք արդարացվեն, իշխանության զավթում է:
- Իշխանությունները սեփական միջոցներ չունեն, նրանք միշտ օգտագործում են մեր միջոցները:
- Ազատությունը, ընտրության դեպքում գերադասելի է մնացած արժեքներից:
- Քննադատությունը, քննական, քննողական մտածողությունը, այլակարծությունը, բազմակարծությունը խթանում են առաջընթացը եւ պատասխանատվությունը:
- Հանրային հարմարվողականությունը ինքնաոչնչացման ամենածածուկ եւ ամենադյուրին եղանակն է:
- Արժանապատվության համար բոլոր վեճերն արդարացված են:
Այս եւ այլ սկզբունքներն են ընկած հեղինակի լրագրողական եւ հանրային գործի հիմքում, այդ թվում նաեւ LevON TV հաղորդումների արտադրության եւ բովանդակային առանցքի հիմքում: Այս ալիքում հեղինակն ներկայացնում է իր անձնական մոտեցումները, կարծիքը, մեկնաբանությունները եւ լուծումները, խոսում է նրանից ինչից հասկանում է, իսկ ինչից չի հասկանում՝ չի խոսում: Հեռուստաարտադրական թիմում են փորձառու մասնագետներ Տիգրան Գասաբյանը (բեմադրող, լուսանկարիչ եւ նկարահանող օպերատոր), Արամ Խաչատրյանը (մոնտաժող, ռեժիսյոր եւ թողարկող), լրագրողներ Կարիեն Կազարովան եւ Լուսինե Մովսիսյանը, խորհրդատուներ Արթուր Պապյանը եւ Հայկ Բարսեղյանը, ինչպես նաեւ ուրիշներ: